ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՈՒտելիս խոսել են. է՜ն էլ ոնց

ՈՒտելիս խոսել են. է՜ն էլ ոնց
28.06.2012 | 20:36

Մեր տեղեկություններով` վարչապետի հետ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հիստեայի կազմակերպած ճաշի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումներին, ինչն ինքնին հեչ հետաքրքիր չէ, սակայն նրանց «ցուցաբերած» հաջորդ օժանդակությունն ահագին հետաքրքիր է դարձնում ասվածը. նույն ճաշի ժամանակ սևով սպիտակի վրա նրանք արձանագրել են` օժանդակելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի սկսած` «օլիգարխիայի դեմ էվոլյուցիոն պայքարին»:
Իհարկե, «էվոլյուցիոն» բառը մի քիչ շշկռացնող է հենց միայն այն պատճառով, որ կա՞ նման պայքար մեզանում: Եվ ապա` նախագահական ընտրությունների շեմին եվրոպական-դիվանագիտական նման պասաժը աջակցությո՞ւն էր իշխող կուսակցությանն ու նրա թեկնածուին, թե՞ պարզապես հերթապահ մտքեր էին, որ ուտելուն զուգընթաց հնչել էին, չնայած հորդորին, որ ուտելիս չեն խոսում:
ԵՄ դիվանագետների միտքը, բոլոր դեպքերում, շատ հետաքրքիր ֆոնի վրա է արտաբերվել:
ա) ԱԱԾ-ում ընթանում է ձևով արևմտյան, բովանդակությամբ կարծես թե ռուսական (գաղտնիք չէ, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախկին տնօրեն Վարդան Օսկանյանը, որի համար էլ փողեր են հավաքագրվում «Սիվիլում», ռուսական սպասարկումների, օլիգարխիկ ուժ համարվող ԲՀԿ-ի կարկառուն դեմքերից է) դաշտ մտած կառույցի գործը` լվացվող փողերին, հարկային պարտավորություններին առնչվող։
Ճիշտ է, նույն «ուտելուն զուգընթաց» ԵՄ դեսպանները ջանադրաբար ելել-գնացել էին «Սիվիլիթասենց» տուն` հարցնելու լվացքից-բանից-անցնող-դարձողից, այնուհանդերձ, նրանք կարծես թե ավելի անկեղծ են եղել վարչապետի հետ ճաշելիս, քան «Սիվիլիթաս» գնալիս, որովհետև նրանք այդպես էլ չհանդիպեցին Վարդան Օսկանյանի հետ:
բ) Արդեն իսկ խոսակցություններ կան, որ նախագահական ընտրությունների տակ կրկին կգործարկվի WikiLeaks-ը, որը հայաստանյան օլիգարխիկ համակարգի «հմայքներին ու թշվառություններին» առնչվող արտանետումներ կանի:
Ինչո՞ւ: Շատ պարզ. ռուսական պասաժը թուլացնելու համար: Գաղտնիք չէ, որ օլիգարխիկ ուժերը մեզանում սպասարկում են ռուսական շահերը:
«ՈՒտելու ընթացքում» փակվում է նաև այդ ծխնելույզը:
գ) Արդեն իսկ մամուլում գրվել է, որ ոչ անհայտ ՄՃԽ-ն իր զեկույցում նշել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ներկա ստատուսը` նախկին երկրորդ նախագահ, այլ ընդամենը` «հարուստ բիզնեսմեն» որակումը: Նման բաներն ամենևին էլ պատահական չեն լինում, և քաղաքագիտական լեզվով` բավականին լուրջ սիգնալ են նույն ԲՀԿ-ի խաղի տեսանկյունից:
դ) Օլիգոպոլիայի դեմ «էվոլյուցիոն պայքարի» կոմպոնենտ է ԲՀԿ-ն ընդդիմություն դարձնելու արևմտյան պասաժը նույնպես. հիշենք, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանում ձևավորել երկկուսակցական համակարգ, ինչպիսին գործում է Միացյալ Նահանգներում: ՈՒստի քաղաքական դաշտը մոբիլիզացվել է շատ լուրջ ալքիմիայի` ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ ստանալու համար:
Ընդ որում, մտնելով ընդդիմադիր դաշտ, ԲՀԿ-ն ստիպված կլինի քաղաքականանալ: Օլիգարխիկ կուսակցությունից դառնալ քաղաքական բաղկացուցիչ: Ինչը կարող է և նշանակել լիդերի փոփոխություն:
Օսկանյանի գործն ԱԱԾ-ում է, ասինք, եթե նա հավակնի լիդերության, ապա չար-թունավոր լրատվամիջոցները, քաղաքական ուժերը նրան օր ու արև չեն տա` էլ «կաղ բադիկ», է՛լ «Գող փիսո», է՛լ «քաչալ շուն» (օգտվում ենք ընդամենը գեղարվեստական պատկերներից և ամենևին որևէ մեկին վիրավորել չենք ցանկանում) կասեն ու կստիպեն մտածել լվացված փողերի, չկատարած հարկային պարտավորությունների մասին:
Չքննարկենք տարբերակը, որ հնարավոր է և ընդդիմադիր ԲՀԿ-ն առաջնորդի երկրորդ նախագահը` համատեղությամբ «հարուստ բիզնեսմենը», ինչին, ոնց երևում է, ահավոր դեմ է նույն Արևմուտքը:
Ասել է` որ կողմից նայում ես, ստացվում է, որ ԲՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, ոչ միայն պատային վիճակում է, այլև, փաստորեն, Հայաստանում «էվոլյուցիոն պայքար է ընթանում»… օլիգարխիայի դեմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ